ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 13-ին ԱԺ հերթական նիստում ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հաշվեքննիչ պալատի նախագահը նշեց, որ հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն, գործել է 3 մասից բաղկացած իր գործունեության ծրագրի շրջանակում և իրականացրել 54 հաշվեքննություն։ Վերջինների արդյունքները, ներառյալ՝ բարելավմանը միտված առաջարկները հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում, ներկայացվել են Ազգային ժողովին, Կառավարությանը և հաշվեքննության ենթարկված մարմիններին։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության ծրագրի առաջին մասով իրականացվել են 40, երկրորդ մասով՝ 12 հաշվեքննություններ և միջազգային պայմանագրերով ՀՀ պարտավորությունների շրջանակում Պալատը մասնակցել է 2 համատեղ միջոցառումների (հաշվեքննությունների) իրականացմանը (ԵԱՏՄ համաձայնագրերով նախատեսված միջոցառումներ):

Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թվականին Պալատը Ազգային ժողով է ներկայացրել 2022 թվականի պետական բյուջեի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ կարծիք պարունակող Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը՝ իր Ծրագրի 1‑ին մասով նախատեսված պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 82%‑ի նկատմամբ իրականացված ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների հիման վրա։

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև Պալատի գործունեության ծրագրի երկրորդ մասի ձևավորման և իրականացման տրամաբանությանն ու ակնկալվող արդյունքներին։ Նա մասնավորեցրեց բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) կողմից ընդունված առանցքային ու հիմնարար սկզբունքների և միջազգային ստանդարտների հիման վրա իրականացվող հաշվեքննությունների արդյունքում հանրային սեփականության կառավարման արդյունավետությունը գնահատելուն միտված՝ կատարողականի հաշվեքննությունների սկզբունքները և ներկայացրեց դրանց հիման վրա հաղորդման մեջ ներառված տեղեկատվության ընդհանուր նկարագիրը։

Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկատվություն ներկայացրեց նաև 2023 թվականին արտաքին պետական հաշվեքննության բնագավառում տեղի ունեցած կարևոր զարգացումների վերաբերյալ։

Նա նշեց, որ 2023 թվականին Հաշվեքննիչ պալատը հաստատել է 2024-2026թթ հաշվեքննությունների յոթ հավասարազոր առաջնահերթություններ (փաստաթղթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ), որոնց հիմքում ընկած են մարդակենտրոն հաշվեքննությունները ու նպատակ են հետապնդում նպաստել մարդու պահանջմունքներն արդյունավետորեն հասցեագրող հանրային կառավարմանը և միջազգային լավագույն փորձին համահունչ պետության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Իր խոսքում Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության հաշվետու տարվա ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով արդյունավետ համագործակցությունը ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) և ԱՄՆ զարգացման գործակալության (USAID) հետ, Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի, Եվրոպական Միության ՍԻԳՄԱ ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Նոր Հայաստան - ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ։

Հաշվեքննիչ պալատի նախագահը անդրադարձ կատարեց Հաշվեքննիչ պալատի 2020-2023թթ ռազմավարական զարգացման ծրագրի նպատակներին, իրականացված միջոցառումների ամփոփ արդյունքներին՝ տեղեկացնելով նաև հաշվետու ժամանակահատվածում ընդունված ռազմավարության 2024-2025թթ շրջանակի մասին։

Ատոմ Ջանջուղազյանը նաև նշեց, որ անցած ժամանակահատվածում մասնակցային քննարկումների հիման վրա վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված արտաքին պետական հաշվեքննության բնագավառի իրավական դաշտի վերանայման փաթեթը կարևոր նախադրյալ է գործառույթի իրականացումը միջազգայնորեն ընդունված մոտեցումներին համահունչ կազմակերպելու տեսակետից և հաշվեքննությունների ազդեցությունը բարելավելու զգալի ներուժ է պարունակում։

Հաշվեքննիչ պալատի 2023թ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

Երկուշաբթի, Հունիս 17, 2024