Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» խորագրով համաժողովը։
Համաժողովին ներկա էին․
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ, քաղաքականության ավագ խորհրդատու Ալասթեր Սվարբրիկը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Շվեդիայի դեսպանությունում Գործերի ժամանակավոր հավատարմատար, Զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստյոմը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի գերազանցության կենտրոնի, Շվեդիայի Ազգային աուդիտի գրասենյակի ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ և զարգացման գործընկերներ:
Համաժողովի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ քննարկվեցին արտաքին պետական հաշվեքննության գործառույթից ստացվող հավելյալ արժեքի մեծացման ուղիները, ներառյալ՝ գործառույթին առնչվող կողմերի հաղորդակցության ինստիտուցիոնալացումը և մանրամասնվեցին․
- կառավարումը բարելավելու ու հաշվետվողականության բարձրացման շնորհիվ՝ հանրային վստահության աճի և պետական ինստիտուտների կայացման աստիճանը բարձրացնելու հնարավորությունները,
- բարձրագույն հաշվեքննիչ մարմինների առաքելությունը՝ դրանց գործունեության հիմնարար և առանցքային սկզբունքները, ինչպես նաև վերաբերելի միջազգային փորձը, և
- Հայաստանի Հանրապետությունում արտաքին պետական հաշվեքննության բնագավառի զարգացումները՝ բարեփոխումների ներկա փուլի ընթացքն ու հետագա ծրագրերը։
Միջոցառումը կազմակերպվել էր Հաշվեքննիչ պալատի 2023-2025 թվականների հաղորդակցության ռազմավարության շրջանակում՝ ՄԱԿ-ի ԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի անմիջական աջակցությամբ։
Համաժողովի ընթացքում արծարծված հարցերի վերաբերյալ շնորհանդեսը և նյութերը ներկայացված են հետևյալ հղումներով՝
Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը
Հաշվեքննության միջնաժամկետ առաջնահերթությունները․ ամփոփ տեսանյութ
Առողջապահական համակարգի դիմակայունության թեմայով հաշվեքննության հաշվետվություն․ ամփոփ տեսանյութ