2024 թվականի Մայիսի 27-28-ը առցանց ձևաչափով կայացել է Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների եվրոպական կազմակերպության (EUROSAI) 12-րդ համագումարը, որին, որպես EUROSAI լիիրավ անդամ երկրի ներկայացուցիչ, մասնակցում էր նաև Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորած պատվիրակությունը։

Համագումարի արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Երուսաղեմի հռչակագիրը, որը EUROSAI համար կլինի առաջիկա տարիների ուղենշային օրակարգը.

«Մինչև 2030 թվականը EUROSAI-ն նպատակ ունի ամրապնդել բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համայնքը՝ դառնալով առաջատար կազմակերպություն և ոլորտի գիտելիքների և գործիքների առաջնային աղբյուր, որոնք նպաստում են բարձրագույն հաշեվքննիչ մարմինների աշխատանքին՝ ի շահ Եվրոպայի քաղաքացիների: Որպես կազմակերպություն իր պրոֆեսիոնալիզմը, համապատասխանությունը և առաջնորդությունը պահպանելու համար EUROSAI-ն պետք է մշտապես գնահատի իր գործունեությունը, որպեսզի համոզվի, որ այն համապատասխանում է իր անդամների շահերին և կարիքներին»:

Համագումարի ավարտին EUROSAI կառավարման խորհրդի կազմը համալրվեց երկու անդամով (Շվեդիա, Իտալիա), որն առաջիկա երեք տարին կղեկավարի Իսրաելի բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար Մատանյահու Էնգլմանը, ինչպես նաև կազմակերպության աուդիտորներիի կազմում ընտրվեցին երկու աուդիտորներ (Բուլղարիա, Նիդրելանդներ):

Համագումարը որոշեց հաջորդ՝ 13-րդ համագումարն անցկացնել 2027թ.-ին Սլովակիայում:

 

 

 

 

Երկուշաբթի, Հունիս 3, 2024