2018 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվետու տարվա վերջին նիստը։

1. Հաշվեքննիչ պալատն ավարտեց ևս երեք հաշվեքննություն։ Թեև այդ հաշվեքննությունները նախատեսված էին Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան ծրագրով, այդուհանդերձ դրանց կատարման պահանաջը բխում էր «Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում» Եվրոպական միության բյուջետային աջակցության թիվ ԵՀԳ/2015/038-229 համաձայնագրի պահանջներից։ Ըստ այդ պահանջների, պետք է իրականացվեր 2017 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17,5 տոկոսի նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննություններ, որոնց անցկացումը պետք է լիներ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և ISSAI ստանդարտներին (ISSAI 100, ISSAI 200 և ISSAI 400) համահունչ։

Հաշվեքննություններն իրականացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և Սոցիալական ապահովման պետական ծառայությունում։ Հաշվեքննությունները ներառել են 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17,5 տոկոսի չափով ծախսեր՝ ընդգրկելով սոցիալական ապահովման ոլորտը, ինչն էլ՝ Հաշվեքննիչ պալատի կարծիքով, կարող է բավականին հետաքրքրիր լինել հանրության և օրենսդիր մարմնի համար։

Բյուջետային աջակցության թիվ ԵՀԳ/2015/038-229 համաձայնագրի պահանջներից էր նաև երկու առանձին «կատարողականների» հաշվեքննությունների անցկացումը, որն էլ պետք է լիներ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և ISSAI ստանդարտներին (ISSAI 100 և ISSAI 300) համահունչ։

Այդ նպատակով Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացրել՝

  • Դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի նկատմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունում,
  • ՀՀ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագրի նկատմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում։

Թեմաների ընտրության հիմնական հանգամանքը եղել է այն, որ Հաշվեքննիչ պալատի կարծիքով տվյալ ոլորտները կարող են բավականին հետաքրքրիր լինել հանրության և օրենսդիր մարմնի համար։

Բյուջետային աջակցության թիվ ԵՀԳ/2015/038-229 համաձայնագրի պահանջներով պայմանավորված՝ հաշվեքննությունների ընթացքում Հաշվեքննիչ պալատին տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Նշված հաշվեքննությունների արդյունքների ընթացիկ եզրակացությունները Հաշվեքննիչ պալատի նիստում հաստատվելուց անմիջապես հետո ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, ինչպես նաև տեղադրվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։

2. Հաշվեքննիչ պալատի ավարտական նիստում քննարկվել և հաստատվել են մի շարք որոշումներ, որոնք տեխնիկական և կազմակերպչական բնույթի են և հիմնականում վերաբերում են հաշվեքննության առաջադրանքներում հաշվեքննողների և մասնագետների մասով փոփոխություններին և լրացումներին։

3. Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև  իր անվանացանկի և հաստիքացուցակի փոխությունների և լրացումների մասին որոշումը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պահանջների հետ հապամապատասխանության ապահովման նպատակով։

Հաշվեքննիչ պալատի նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն անցկացրեց կարճատև խորհրդակցություն, տրվեցին մի շարք հանձնարարություններ և ցուցումներ՝ Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը նոր տարում սահուն մեկնարկելու համար։

 

 

Ուրբաթ, Դեկտեմբեր 28, 2018