Հունիսի 23-ին, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Հայաստանում իրականացվող ֆինանսական կառավարման խորհրդատվական առաքելության շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում Հաշվեքննիչ պալատի անդամներ Կարեն Առուստամյանի և Եղիշե Սողոմոնյանի ու ԱԶԲ պատվիրակության հետ։ ԱԶԲ պատվիրակությունը գլխավորում էր ԱԶԲ պորտֆելի, գնումների և ֆինանսական կառավարման դեպարտամենտի ֆինանսական կառավարման պատասխանատու Դևեշտա Ռատնանայագամը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային հատվածի հաշվեքննությանը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաշվեքննությանն առնչվող մոտեցումները, կիրառվող մեթոդաբանությունն ու ընթացակարգերը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային լավագույն փորձի կիրառման, հաշվեքննության որակի շարունակական բարձրացման և հանրային ֆինանսների արդյունավետ կառավարմանն ուղղված գործիքներին։
Կողմերը կարևորել են միջազգային մասնագիտական համագործակցության նշանակությունը՝ որպես փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արտաքին պետական հաշվեքննության շարունակական կատարելագործման կարևոր նախադրյալ:
Հանդիպման ընթացքում ԱԶԲ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի պատրաստակամությունը՝ միջազգային լավագույն փորձի ներդրման, մասնագիտական համագործակցության խորացման և հանրային ֆինանսների կառավարման համակարգի շարունակական զարգացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկը կարևորում է Հաշվեքննիչ պալատի հետ կառուցողական երկխոսությունն ու պատրաստ է շարունակել մասնագիտական համագործակցությունը՝ հանրային ֆինանսների կառավարման և հաշվեքննության ոլորտում կարողությունների հետագա զարգացման նպատակով։
Հանդիպումն ավարտվել է հետագա համագործակցության ուղղությունների շուրջ մտքերի փոխանակմամբ և երկուստեք պատրաստակամության վերահաստատմամբ՝ շարունակելու մասնագիտական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը։


