Հաշվեքննության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական կադրերի տարածքային անհամաչափ բաշխվածության հանգամանքը։ Չնայած մայրաքաղաքում է բնակվում ՀՀ բնակչության 37%-ը, իսկ մարզերում՝ 63%-ը, մայրաքաղաքում են գործել բժիշկների շուրջ 67%-ը, իսկ մարզերում՝ 33%-ը։

Հաշվեքննության նպատակն է եղել՝ գնահատել առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության միջոցառումների արդյունավետությունը և ներկայացնել դրա բարձրացմանն ուղղված առաջարկություններ։

Հիմնախնդրի արդիականությունը հատկապես ընդգծվում է առողջության համապարփակ ապահովագրության մասշտաբային ռեֆորմի արդյունավետ ընթացքն ապահովելու համատեքստում։

Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի համաչափ զարգացման ապահովման տեսանկյունից առանցքային համարվող նպատակային ուսուցման միջոցառմանն ուղղված միջոցների օգտագործումը բնութագրվել է նպատակային արդյունավետությամբ (նպատակային ուսուցմամբ շրջանավարտների 84.5%-ն աշխատում է մարզերում)։ Այնուհանդերձ, նշված միջոցառումը դեռևս չի ունեցել էական ազդեցություն բուժաշխատողների անհամաչափ բաշխվածության նվազեցման գործում։

Այս, ինչպես նաև վերաբերելի սոցիալական աջակցության միջոցառումներին ցածր ընդգրկվածության և չհամալրված հաստիքները երկարաժամկետում կայուն մակարդակում պահպանվելու պայմաններում, 2016-2024թթ. ընդգրկող ժամանակահատվածում արձանագրվել է մայրաքաղաքի և մարզերի միջև բուժաշխատողների բաշխվածության անհամաչափության խորացման միտում։ ՀՀ հիվանդանոցային և ԱԱՊ հաստատություններում գործող բժիշկների թիվը 2016-2024թթ. աճել է շուրջ 21.7%-ով, սակայն նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում գործող բժիշկների թիվն աճել է 24.4%-ով, իսկ մարզերում՝ 16.5%-ով։

Ի տարբերություն բժիշկների, միջին բուժանձնակազմի դեպքում մայրաքաղաք-մարզեր բաշխվածության անհամաչափությունն ավելի փոքր է։ Այնուհանդերձ, ՀՀ հիվանդանոցային և ԱԱՊ հաստատություններում գործող միջին բուժանձնակազմի թիվը 2016-2024թթ. նվազել է շուրջ 2.2%-ով։ Ընդ որում, մայրաքաղաքում տվյալ ցուցանիշն աճել է 3.7%-ով, մինչդեռ մարզերում նվազել է 8.2%-ով։

2016-2025թթ. ավագ և միջին բուժաշխատողների չհամալրված հաստիքների թվի (չհասցեագրված պահանջարկի) նշանակալի բարելավում չի արձանագրվել։

Արդյունքում, չի ապահովվել օրենքով առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորմամբ հետապնդվող նպատակին՝ տարածքային համաչափ զարգացմանը, հասնելու արդյունավետությունը։

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են առողջապահության կադրային ներուժի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տվյալ բնագավառում կուտակված միջազգային լավագույն փորձն արտացոլող չափանիշների տեսանկյունից։


 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

Ուրբաթ, Հուլիս 24, 2026