2024թ. հոկտեմբերի 11-ին Հաշվեքննիչ պալատի հաստատած հաշվետվությունն ամփոփում է առողջապահական կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքների (մասնավորապես՝ շենք-շինությունների)՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության գնահատման արդյունքները:
Ենթակառուցվածքի խոցելիությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հիմնականում ձևավորվել է խորհրդային շրջանում և անգամ նախագծային մակարդակում չի բավարարում գործող շինարարական նորմերին:
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է տվյալ բնագավառում հանրային կառավարման բարելավմանը միտված մի շարք առաջարկներ, որոնք ներառում են՝
- ներդնել արտակարգ իրավիճակներին առողջապահական ենթակառուցվածքի պատրաստվածության խզումը գնահատելու և մշտադիտարկելու ինստիտուցիոնալ համակարգ.
- Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ առաջնորդությամբ, պետական և տեղական ինքնակառավարման այլ շահագրգիռ մարմինների, մասնավոր բժշկական հաստատությունների և միջազգային դոնորների հետ համագործակցաբար, մշակել առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության բարձրացման ծրագիր.
- լիցենզավորման, տեսչական ստուգման, կարգավորման և միջազգային համագործակցության գործառույթների արդյունավետ իրականացմամբ ժամանակի ընթացքում նվազեցնել առկա խզումը.
- զարգացնել տվյալ բնագավառում աղետների ռիսկի կառավարման կարողությունները:
Հաշվեքննության իրականացումը հնարավոր է դարձել Առողջապահության նախարարության ու գործադիր իշխանության մյուս պատկան մարմինների հետ համատեղ շահագրգիռ աշխատանքի շնորհիվ:
Հաշվեքննիչ պալատը հետհսկողություն է իրականացնելու հաշվեքննության առաջարկությունների կատարման նկատմամբ՝ առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնելով հանրությանը, Ազգային ժողովին և Կառավարությանը: