ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշմամբ հոկտեմբերի 13-ը նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր:
Արտակարգ իրավիճակներն անմիջական սպառնալիքներ են ստեղծում մարդու կյանքի և առողջության նկատմամբ: Այդ սպառնալիքներին արձագանքը կարող է համարժեք լինել, եթե առողջապահական համակարգը դիմակայուն է:
Հաշվեքննիչ պալատը հաստատել է Առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունությանը նվիրված հաշվետվությունը:
Հանրապետությունում առկա հիվանդանոցային մահճակալների թիվը 12 հազար է՝ ևս 4 հազարի ծավալման հնարավորությամբ։
Սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված կարիքը կարող է գերազանցել համակարգի առկա կարողությունները։
Հայաստանի համար ամենաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, երբ ծանր ու միջին ծանրության վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 120 հազարի։
Մահճակալային ֆոնդի 2/3-ը կենտրոնացած է մայրաքաղաքում և բարձր խոցելի է։ Առողջապահական ենթակառուցվածքը հիմնականում կառուցվել է մինչև 1988 թվականը և անգամ նախագծային մակարդակում չի համապատասխանում գործող շինարարական նորմերին։
Որպես հետևանք, արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքն ինքը կարող է տուժել՝ սահմանափակելով առողջապահական ծառայությունների հասանելիությունն այն պահին, երբ դրանց կարիքը կրիտիկական է դառնում։
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ ուղղված տվյալ ոլորտում հանրային կառավարման բարելավման միջոցով առողջապահական համակարգի դիմակայունության բարձրացմանը և հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկային կորուստների նվազեցմանը։
* * *
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia